Ռուսաստանը վախենում է Հայաստանում ուկրաինական սցենարից, գրում է իտալական Il Post պարբերականը՝ մեկնաբանելով Երեւանում ընթացող բողոքի ակցիաներն ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։ Թերթը հիշեցնում է, որ խոսքը վերջին երկու տարում արդեն երրորդ թանկացման մասին է։

Հոդվածում ասվում է.

«Բազմաթիվ վերլուծաբաններ գրում են, որ բողոքի ակցիաների հիմքում ընկած է ոչ այնքան բուն թանկացումը, որքան համընդհանուր բողոքը ցածր աշխատավարձներից, գործազրկությունից ու կոռուպցիայից։

Շատ լրատվամիջոցներ, հատկապես ռուսականները, Երեւանի վերջին օրերի բողոքի ակցիաները համեմատում են Ուկրաինայի իրավիճակի հետ՝ հայտարարելով, որ նախագահ Սարգսյանն իրեն պահել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պես։ Նման հրապարակումների հեղինակները փորձում են հայաստանյան իրավիճակը մեկնաբանել որպես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մրցակցություն։

Տարբեր ռուսական լրատվամիջոցներ եւ քաղաքագետներ մեղադրում են ԱՄՆ-ին այդ ցույցերին աջակցելու մեջ։ Վերջին օրերի ցույցերը ռուսական մամուլում անվանում են էլեկտրամայդան։

Արեւմտյան մամուլում վերլուծաբանները նման մեկնաբանությունը բնորոշ են համարում ռուսական հռետորությանը եւ հետխորհրդային հանրապետությունների նկատմամբ Պուտինի վարած քաղաքականությանը։ Այդ երկրներում Պուտինին մեղադրում են «ռուսական կայսրությունը» վերականգնելու փորձերի եւ արեւմտյան կազմակերպությունների՝ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ազդեցությունը սահմանափակելու մեջ։ Պուտինին քննադատողների կարծիքով, Պուտինն իր հերթին մեղադրում է Արեւմուտքին քաղաքական անկայունություն հրահրելու մեջ եւ ցանկանում է մեծացնել իր վերահսկողությունն այդ երկրներում եւ վերադարձնել ռուսական ուղեծիր»։