Պետերբուրգի Օրենսդիր ժողովի՝ սկանդալային հայտնի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմել է «Ռոսկոմնադզոր»-ին՝ պահանջելով Ռուսաստանի տարածքում փակել Facebook-ը:
Պատգամավորին զայրացրել է սոցցանցի նոր գործառույթը, որը թույլ է տալիս ավատարը գունավորել ծիածանի գույներով, որոնք նաեւ ասոցացվում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հանրության գույների հետ:
«Դա ռուսական օրենսդրության կոպիտ խախտում է: Facebook-ը տարիքային սահմանափակում չունի, անհնար է վերահսկել, թե քանի անչափահաս օգտատեր կա ցանցում: Այդ պատճառով նորմալ կլինի Ռուսաստանի տարածքում անջատել Facebook-ը»,- կարծում է Միլոնովը:
Նա նաեւ նշել է, որ եթե «Ռոսկոմնադզոր»-ն անտեսի իր խնդրանքը, ստիպված կլինի դիմել ՌԴ նախագահին:
«Ես նաեւ հազարավոր մարդկանց կոչ կանեմ, եւ մենք կդիմենք ԱԴԾ-ին եւ Պուտինին, որ նրանք ձեր մեջքի հետեւում համաձայնություն են ձեռք բերում թշնամու հետ (…): Եթե «Ռոսկոմնադզոր»-ը թողնի, նշանակում է՝ խաղում է նրանց կողմից, որոնք չարիք են կամենում մեր հայրենիքին»,- հայտարարել է Միլոնովը:





























