Շուրջ հազար զինված ոստիկաններ կպաշտպանեն Թունիսի հյուրանոցներն ու ափամերձ գոտիները՝ հանգստավայրերի զբոսաշրջիկների անվտանգության ուժեղացման միջոցառումների շրջանակում: Այս մասին ասված է երկրի կառավարության հայտարարության մեջ:

Բացի այդ, հանգստավայրային Սուս, Համամետ եւ Ջերբա քաղաքների մի շարք անցագրային կետերում զինված ուժերի լրացուցիչ ներկայացուցիչներ են ժամանել:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Սուս քաղաքի մերձակայքում գտնվող Էլ-Կանտաուի հանգստավայրում Թունիսի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչությունն է գրանցվել: Տեղացի ուսանողը Imperial հյուրանոցում 40 մարդ է գնդակահարել, հիմնականում՝ Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկներ:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: