Ազատության հրապարակում այս պահին լարված իրավիճակ է, Բաղրամյան պողոտայից հրապարակ եկած, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները մեղադրում են Բաղրամյանում մնացածներին՝ շարժումը քաղաքականացնելու մեջ։
Ակտիվիստ Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց, թե չպետք է գնալ սադրանքների։ «Հոսանքի դեմ պայքարողներն այստեղ են, այնտեղ ինչի՞ համար են մնացել այնտեղ»,- ասել է նա՝ առաջարկելով վերահսկել աուդիտի գործընթացը։
«Մենք հիմա շախմատ ենք խաղում Սերժ Սարգսյանի հետ։ Մենք արեցինք քայլ, նա էլ պատասխանեց։ Հիմա մենք պետք է քայլ անենք, բայց Բաղրամյանում չեն կարող այդ քայլն անել, հիմա այնտեղ հորձանուտ է դարձել»,- ասել է նա։
Իսկ Վաղինակ Շուշանյանը Օպերայի հրապարակի ամբիոնից պարզապես հայտարարել է, թե Բաղրամյան պողոտայում մարդիկ կան, որոնք թույլ չեն տալիս կանանց եւ երեխաներին դուրս բերել պողոտայից։
Նա նաեւ հայտարարել է, որ նստացույց է սկսում Ազատության հրապարակում։ Շուշանյանի խոսքով՝ իր նստացույցը կտեւի այնքան մինչեւ իշխանությունները կատարեն իրենց պահանջն ու իրենց ընկերները միանան իրենց Ազատության հրապարակում: «Մեր պայքարը եղել է խաղաղ, օրենքի դաշտում եւ այդպես էլ շարունակելու ենք»,- ասել է նա:
Նշենք, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի մի փոքր մասը՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ եկել է Ազատության հրապարակ, իսկ ցուցարարների մեծ մասը մնացել է Բաղրամյան պողոտայում, որտեղ իրավիճակը սրվել է։




























