Հայաստանի էլեկտրական ցանցերում աուդիտի ավարտից հետո, եթե հայտնաբերվեն խախտումներ, ապա հարցի լուծման հնարավոր տարբերակներից մեկը կլինի սեփականատիրոջ փոփոխությունը: Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ընդգծելով, որ կառավարությունը, սակայն, նպատակ չի դրել, որ անպայման փոխի սեփականատիրոջը: Հնարավոր է, ՀԷՑ-ի ներկայիս սեփականատերը համաձայնի ինքը շտկի բացթողումները, եթե դրանք ի հայտ գան աուդիտի արդյունքում:
Ըստ փոխվարչապետի, ստուգվել է նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքը, որպեսզի հասկանալի լինի, թե արդյոք նրանց ընդունած որոշումը հոսանքի գնի բարձրացման վերաբերյալ անհրաժեշտ քայլ էր, թե՝ ոչ: «ՀԷՑ-ում աուդիտի ավարտին կլինի սպառիչ պատասխան բոլոր ողջամիտ եւ լայնախոհ մարդկանց համար»,- ասել է նա։




























