Եթե մենք աշխատող ժողովուրդ ենք, մեր գները պիտի իջնեն, ինչո՞ւ են բարձրանում։ Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը։
«Մենք այսօր ոչ թե յոթ դրամի համար ենք կանգնած, այլ որ ամեն տարի յոթ դրամ ավելացնեն։
Եթե մենք աշխատող ժողովուրդ ենք, մեր գները պիտի իջնեն, ինչո՞ւ են բարձրանում»,- ասել է նա։
Խոսելով նախագահի հայտարարության մասին՝ պատգամավորն ասել է. «Երկրի նախագահը երբեք ինքն իրանից բան չի կարող հնարել։ Գոյություն ունեն համապատասխան հանձնաժողովներ, որոնք կարծիք են ասում։ Նախագահն ասաց, որ հարկավոր է հասկանալ խնդիրը։ Եւ, իմ կարծիքով, ժամանակ խնդրեց։ Կարծում եմ, դա ճիշտ է։ Բայց նահանջելն էլ սխալ է։ Այս ամեն ակցիա է, բողոքի ակցիա, արժանապատվությունը պահելու ակցիա, եւ որտեղ էլ լինի, կարեւոր չէ։ Բայց հիմա մեր կենտրոնական փողոցում ենք։ Եթե այսքան մարդ որոշել է մնալ, միգուցե ճիշտը սա է»,- նկատել է Աղաբաբյանը։
Վերջինս մտավախություն չունի, որ իր կուսակիցների հետ իր հարաբերությունները կսրվեն Բաղրամյան պողոտայի նստացույցին մասնակցելու համար։ «Ինչո՞ւ պիտի սրվի։ Յուրաքանչյուր կուսակցություն պետք է իմանա, եթե ինքն իր թերությունները չի տեսնում, ուրիշը կտեսնի։ Չկա անթերի կուսակցություն»,- նշել է պատգամավորը։
Ուկրաինացի մի լրագրողի հարցի էլ պատասխանելով՝ Աշոտ Աղաբաբյանն ասել է, թե «Սա ուկրաինական Մայդանը չէ, հայկական Բաղրամյանն է»։





























