«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հայտարարված նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելով ոստիկանությունը ոչ թե լուծում կտա ստեղծված իրավիճակին, այլ կխորացնի խնդիրը: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որը լուսաբացին այցելել էր Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի վայր:
«Ես այստեղ եմ՝ զորակցություն հայտնելու ցուցարարներին: Ժողովրդի պահանջը պետք է բավարարվի, ես չեմ տեսնում ուրիշ լուծում: Հույս ունեմ, որ երիտասարդ ոստիկաններին չեն ուղի երիտասարդ համաքաղաքացիների նկատմամբ. դա հակալուծում է, դա կխորացնի խնդիրը: Այժմ մի փոքր միջանկյալ վիճակ է, խաղաղ մոտեցումը ճիշտ է, թեեւ շշուկներ կան, որ այսօր գործողություններ են լինելու, պետք է հանդուրժողականություն ցուցաբերի ոստիկանությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ համաձայն չի, որ պայքարը քաղաքականացվում է քաղաքական գործիչների ներկայությամբ: Ինչպես նշեց նա, ինքն ավելի լայն օրակարգի կողմնակից է եւ կարծում է, որ ամենի աղբյուրը չընտրված վարչակազմն է:




























