Հոսանքի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին»  նախաձեռնությունը թեւակոխել է տրանսֆորմացիայի փուլ: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ դա երեւաց երեկ՝ Բաղրամյան պողոտայում:

«Այս պահին շարժման ներսում կոնֆլիկտները չափազանց շատացել են, շարժման տարբեր թեւեր միմյանց են մեղադրում: Ազատության հրապարակ գնացածները գտնում են, որ տեղափոխվելը ճիշտ է, քանի որ չեն ցանկանում դա լինի ցրելու միջոցով: Բաղրամյան պողոտայում մնացածներն էլ կարծում են, որ ճիշտ էր այնտեղ մնալը»,-նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ պատմության մեջ  առաջին դեպքն է, երբ հաջողվում է այդքան երկար մնալ Բաղրամյան պողոտայում:

Նա նշեց, որ «Ոչ թալանին»  նախաձեռնության հաջողությունները պայմանավորված էին շարժման առաջնորդ չունենալոով: Նրա խոսքով՝  շարժման մյուս հաջողությունն այն էր, որ օրակարգում քաղաքական խնդիր չէր դրված:

«Իշխանությունը վախենում է, որ պայքարը  քաղաքականի կվերածվի, որը տեղի չի ունենում, դրա համար էլ այժմ ուժ չեն կիրառում: Սակայն, հասկանալի է, որ Բաղրամյան պողոտան երկար փակ պահել հնարավոր չէ»,-ասաց Սաֆարյանը: