Այս տարի երեւանյան խանութներում կտրուկ բարձրացել է խեցգետնի գինը։ Եթե անցյալ տարի կենդանի խեցգետինը կարելի էր ձեռք բերել կգ-ը 500-1000 դրամով, ապա այս տարի՝ 2500-3000 դրամով։ Սննդի այս տեսակը դուր է եկել երեւանցիներին, թեեւ մեր հայրենակիցները դեռեւս նախապատվությունը տալիս են ավանդական իշխանին ու սիգին։ Այնուամենայնիվ՝ ներքին շուկայում սպառման ծավալների աճն ակնհայտ է։ Ձկնաբույծների միության նախագահ, «Ակվատեխավտոմատիկա» ձկնաբուծական ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Գեւորգյանը նույնպես խեցգետնի գնի թանկացումը հիմնականում պայմանավորում է ներքին շուկայում սպառման ծավալների կտրուկ աճով՝ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների կողմից, թեեւ չի բացառում, որ արտահանման աճը եւս կարող էր ազդել գների վրա։
Նշենք, որ Հայաստանում ձկան եւ խեցգետնի արտադրությամբ զբաղվող 22 ընկերություններ, նախորդ տարվա նոյեմբեր ամսին ստացել են իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելու թույլտվություն։ Ընդհանուր առմամբ՝ մոտ 200 ընկերություն Հայաստանում զբաղվում է խեցգետնի եւ ձկան արտադրությամբ եւ վերամշակմամբ։ Հնարավոր է՝ Ռուսաստանի կողմից ներմուծումների արգելքի վերացումն էլ պատճառ է դարձել, որպեսզի հայկական խեցգետինը մեծ քանակներով արտահանվի։ Ռուսաստանում խեցգետինը մեծ պահանջարկ է վայելում հասարակության ամենալայն շերտերում։ 2009 թ. Հայաստանը, ըստ պաշտոնական վիճակագրության, արտահանել է 468 տոննա խեցգետնակերպ՝ 3,1 մլն դոլար արժեքով։ Այսինքն՝ խեցգետնակերպի արտահանման մաքսային արժեքը կազմել է 6,6 դոլար 1 կգ-ի համար։ Բնական է՝ արտահանման ավելացման դեպքում ներքին գները պետք է ձգտեին հասնել «արտաքին» գներին։ Այս տարվա տվյալները խեցգետնի մասով դեռ չեն հրապարակվել, սակայն ձկնորսությունն, ընդհանուր առմամբ, նվազել է 3,6 տոկոսով՝ պայմանավորված հիմնականում Սեւանում ձկնորսության արգելքի հետ։
«Ակվատիկ» ընկերությունից, որը զբաղվում է եփված-սառեցված խեցգետինների արտադրությամբ, NEWS.am-ին տեղեկացրին, որ բացթողնման գների որեւէ փոփոխություն նախորդ տարվա համեմատ չեն կատարել։ Այս տեսակի արտադրանքի իրացման հիմնական շուկաները դրսում են։ Ե’ւ Եվրոպայում, ե’ւ ամերիկյան մայրցամաքում նախապատվությունը տալիս են մշակված խեցգետիններին, քանի որ դրանք ավելի անվտանգ են հիգիենայի եւ վարակների տեսանկյունից։ Որոշ երկրներ, ինչպես օրինակ Շվեդիան, օրենսդրորեն արգելել են կենդանի խեցգետինների ներմուծումը։
Սամվել Ավագյան



























