Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, ձերբակալել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա մոտ 1,5 ժամից կլինի Երեւանում, Գորիսի ԱԱԾ-ից դուրս են եկել եւ գալիս են Երեւան:  Մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ Արա Բուդաղյանը ցանկություն է հայտնել ունենալ փաստաբան, սակայն դեռ նրան փաստաբան չի տրամադրվել:

Նշենք, որ ԱԱԾ մամուլի ծառայությունը որեւէ տեղեկատվություն չի տրամադրում՝ վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սպանության փորձի գործով  որոնվում է մոտ 55-ամյա տղամարդ: ԱԱԾ-ից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի եւ նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, վերը նշված սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է` մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձեւ դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ, որի արտաքին նկարագրությամբ կազմված դիմանկարը տեղադրված է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում /www.sns.am/, ինչպես նաեւ պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ: