Կառավարության օգոստոսի 12-ի նիստում միանգամից 13 հարց վերաբերում է առողջապահական տարբեր կազմակերպություններին թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պահպանման ու իրացման լիցենզիա տալուն։ Կառավարությունը, պարբերաբար, իր օրակարգում ընդգրկում է նման հարցեր, քանի որ լիցենզիայի գործողության ժամկետը սահմանափակ է (սովորաբար 3 տարի) եւ այն անընդհատ պետք է երկարացվի։ Սակայն մեկ նիստի ընթացքում 13 դեպքի առկայությունը ռեկորդային է։
Կառավարությունից հոգեմետ նյութերի եւ թմրամիջոցների պահպանման թույլտվություն են խնդրել հիմնական հիվանդանոցները, ընդ որում՝ Երեւանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, չգիտես ինչու, 2 նմանատիպ լիցենզիա է խնդրել։ Հնարավոր է՝ այստեղ առկա է տեխնիկական վրիպակ։ 2 առեւտրային կառույցներ՝ «Գառնիկ» եւ «Լիլի», կառավարությունից թույլտվություն կստանան հոգեմետ դեղերի առեւտուր իրականացնելու համար։ Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Շուշան Հունանյանը NEWS.am-ին ասաց, որ Հայաստանի բոլոր բժշկական հաստատությունները պետք է անպայման հոգեմետ դեղեր պահելու լիցենզիան ունենան, ուստի կարիք է առաջանում անընդհատ այդ լիցենզիաները տրամադրել։
Վերջին տասնամյակում Հայաստանում նկատվում է հոգեմետ դեղերի նկատմամբ պահանջարկի մեծ աճ։ Դրանք թանկ դեղամիջոցներ են (ամենաէժան դեղը սկսում է 5000 դրամից (մոտ 13,7 դոլար), միջին գինը 10-12 հազ. դրամ է (27-33 դոլար)։ Այդ պատճառով հիմնական պահանջարկը գալիս է հարուստ խավից, թեեւ կառավարությունն ունի հոգեմետ դեղերի տրամադրման անվճար ընթացակարգ։ Մի քանի դեղատներում կատարած հարցումները վկայում են, որ հոգեմետ դեղերի նկատմամբ հակվածություն ունեն հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչները։ Սակայն դեղատների աշխատակիցները նման տեղեկատվություն տրամադրելիս անպայման խնդրում են չնշել իրենց դեղատան հասցեն եւ անուններ, այլապես հաճախորդ կկորցնեն։ Հոգեմետ դեղերի նկատմամբ հակվածություն ունի Հայաստանի քաղաքական էլիտայի զգալի մասը։
Դեռ 2006 թ. ուսումնասիրությունների արդյունքներով՝ հոգեմետ դեղերի ապրանքային շուկայում գործում էին 18 տնտեսվարողներ։ Ներկայում դրանց թիվը զգալիորեն ավելացել է, ինչը վկայում է պահանջարկի աճի մասին։ Մեծ աճ ունի նաեւ հոգեմետ դեղերի սեւ շուկան։ Դրան նպաստում է այն հանգամանքը, որ հոգեմետ դեղ օգտագործողները հաճախ դա իրականացնում են առանց բժշկի նշանակման։ Բացի այդ՝ ուժեղ հոգեմետ դեղերը իրենց ազդեցությամբ մոտ են թմրամիջոցին։
Հայաստանի շուկայում իրացվող հոգեմետ դեղերի մոտ 80 տոկոսն արտադրվում է Հայաստանում` Աբովյանի «Արքիմեդ» գործարանում։
Հոգեմետ դեղեր նշանակվում են հոգեկան, ցնցումային համախտանիշով, հոգեսոմատիկ խանգարումներով հիվանդներին, քրոնիկ ալկոհոլիզմով, անցողիկ, ժամանակավոր հոգեկան խանգարումներով եւ անձի տարիքային ու վարքային որոշ խանգարումներով տառապողներին:
Սամվել Ավագյան




























