Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում շարունակվում են 28-րդ ամառային ուսանողական մարզական խաղերը:

Պատվիրակության մամուլի պատասխանատու Զոհրապ Եգանյանի փոխանցմամբ, Հայաստանը ներկայացնող մարզիկներից երեկ եւ այսօր մրցումներին մասնակցել է  սուսերամարտիկ Լիլիթ Էվոյանը, ով նախնական փուլում տանելով 3 հաղթանակ եւ կրելով երկու պարտություն՝ դուրս եկավ 1/64-րդ եզրափակիչ, որտեղ 7:15 (3:5, 3:8, 1:2) պարտվեց Իտալիայի հավաքականի առաջին համարին՝ Ջիորջիա Պոմետիին, եւ դուրս մնաց հետագա պայքարից: Մեր մյուս սուսերամարտիկ Ռաֆիկ Աբրահամյանը եւս դուրս մնաց հետագա պայքարից:

Հուլիսի 4-ին փայլուն ելույթ ունեցավ 23-ամյա մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն, ով օղակներով վարժության մրցումների որակավորման փուլում 15,750 ցուցանիշով գրավեց 1-ին տեղն ու իրավունք ստացավ հուլիսի 7-ին Երեւանի ժամանակով 17:45-ին եզրափակչում վիճարկելու չեմպիոնի կոչումը: Առաջատարների եռյակում Թովմասյանն իրենից նկատելիորեն հետ թողեց համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած թուրք (15,4 միավոր) եւ պորտուգալացի (14,35միավոր) մարզիկներին: Տեղեկացնենք նաեւ, որ Բաքվի համաեվրոպական խաղերում ոսկե մեդալ նվաճած հույն Էլֆերիոս Պետրունյասի ցուցանիշը 15.633 է եղել:

Այսօր՝ հուլիսի 5-ին, մրցասպարեզ դուրս եկավ մեր ձյուդոիստ Անդրանիկ Չափարյանը (81կգ), ով վիճակահանությամբ պայքարը սկսեց 1/16-րդ եզրափակչից եւ զիջեց կորեացի Կիչուն Վանին. վերջինս հաջողությամբ հաղթահարեց նաեւ մյուս փուլերի արգելքները, ինչը հնարավորություն տվեց մեր մարզիկին շարունակել պայքարը երրորդ տեղի համար: Անդրանիկն առաջին փուլում հաղթեց էստոնացի Քրիստիան Տոնիստին, երկրորդ փուլում բացահայտ առվելության հասավ մոլդովացի Վալերյու Դումինիցայի նկատմամբ եւ միայն երրորդ շրջանում պարտվեց ճապոնացի Կենյա Կոհարային եւ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Մեր մյուս երկու ձյուդոյիստները պայքարի կներգրավվեն վաղը՝ հուլիսի 6-ին: Դավիթ Նիկողոսյանի 1/16-րդ փուլի մրցակիցն ուկրաինացի Դմիտրո Կանիվեցն է, իսկ Արսեն Ղազարյանինը՝ լեհ Պատրիկ Վավարզիչեկը:  Նշենք, որ հայ մարզիկների ելույթներին հետեւելու եւ նրանց ոգեւորելու համար Գվանգջու են ժամանել Հր. Կորեայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) մասնակցելու նպատակով Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մեր երկիրը ներկայացնում  է 22 հոգանոց պատվիրակություն, որից  12-ը՝ մարզիկներ: