«Օֆշորի» հայտնի գործով տուժող Փայլակ Հայրապետյանը նախքան էկոնոմիկայի նախարարությունում կայացած հայտնի խորհրդակցությունը չի ճանաչել ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով առաջին դատական նիստին ցուցմունք տալիս ասաց Փայլակ Հայրապետյանը:
«Հիմնարկում նստած էի, զանգեցին, կանչեցին խորհրդակցության, վերեւում նստած էր Երիցյանը, մի կողքին՝ Գագիկ Քոչարյանը, մյուս կողքին՝ Աշոտ Սուքիասյանը, որին այդ ժամանակ բոլորովին չէի ճանաչում. ոչ տեսել էի, ոչ լսել»,- ասաց տուժողը:
Փայլակ Հայրապետյանը պատմեց, որ այդ խորհրդակցության ժամանակ Աշոտ Սուքիասյանը ներկայացրել է, որ Աֆրիկայում հանքեր ունի եւ կարող է ադամանդների նմուշներ բերել:
«20 օր հետո բերեց նմուշները, բոլորը հավանեցին, ես մասնագետ չեմ, բայց ասում էին, որ լավն են: Ես էլ սկսեցի վստահել իրեն, հետո մի օր զանգեց, ասեց ինչ-որ մի բանկ վարկ չի կարող տալ, գործարք անել չի եղել: Հետո զանգեց, ասեց՝ ամեն ինչ կազմակերպել է, վարչապետի հետ «Ամերիա» բանկում է, 6 հազար դոլար տվել է, շուտով ապրանքը կգա»,- ասաց Փայլակ Հայրապետյանը՝ նշելով, որ ապրանքը այդպես էլ չի եկել:
Տուժողի խոսքով՝ ինքը դրանից հետո ստիպված է եղել գնալ Աֆրիկա, որտեղ էլ գտել է Աշոտ Սուքիսյանին. «Գնացի, հայհոյեցի, ասեցի՝ Աշոտ, այ խուլիգան, 10 հազար կլիմոմետր ինձ բերել ես, որ ի՞նչ անես: Ինքն էլ խնամու հետ ինձ ասեց՝ էդ քո փուլ եկած շենքերի համար քեզ ոչ մի փող էլ չենք տալու»:
Փայլակ Հայրապետյանը, որի ցուցմունքն ընդհատվեց տեխնիկական խնդիրների պատճառով, հայտարարված ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ պնդեց, որ գործում ներգրավված են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված, գործով միակ մեղադրյալ, գործարար Աշոտ Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ տնօրինել է Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերը:
Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչեւ 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ, որի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:
Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, եւ գումարը վերցնելով հեռացել էր երկրից, իսկ «Ամերիաբանկն» անարգել շարունակել է գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունների բանկային հաշվեհամարներին:
2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:





























