Հայաստանում բենզինի 10 դրամով թանկանալը պայմանավորված է միջազգային շուկայի գներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «CPS» ընկերության սեփականատեր Աշոտ Սալազարյանը: Նա նշեց, որ սա ամբողջ աշխարհում համարվում է ավտոմոբիլային սեզոն, ու անկախ նրանից, որ նավթի գինը իջնում է, բենզինը թանկանում է:
«Չնայած նավթի գինը իջնում է, բենզինը՝ որպես նավթամթերք, թանկանում է: Միշտ ավտոմոբիլային սեզոնին այսպես է, պայմանավորված է պահանջարկով: Տեսեք՝ Հայաստանում այդ ոչ առաջին անհրաժեշտություն դարձած ապրանքի սպառումը աճել է 5-7 տոկոսով»,-ասաց Աշոտ Սալազարյանը:
Նա նշեց, որ բենզինի թանկացումը կտեւի մինչեւ օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկիզբ՝ զբոսաշրջության հիմնական սեզոնի ավարտ:
Իսկ ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ին հայտնեց, որ հաշվի առնելով լրատվամիջոցներում բենզինի գների փոփոխությունների վերաբերյալ պարբերաբար բարձրացվող մտահոգությունները, Հանձնաժողովը 2014 թվականից սկսած մի քանի ուսումնասիրություններ է իրականացրել բենզինի գնագոյացման ոլորտում: Վերջին ուսումնասիրություններն ընդգրկել են բենզին ներմուծող ընկերությունների՝ 2014 թվականի ամբողջ տարվա գործունեությունը, ինչպես նաեւ 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսների գործունեությունը: Այս ժամանակահատվածում դիտարկվել են բենզինի ինչպես գնային բարձրացումներ, այնպես էլ՝ նվազումներ: «Հանձնաժողովի կողմից կատարված գնագոյացման մի շարք հաշվարկները ցույց են տալիս, որ բենզինի շուկայում գործող երկու խոշոր ընկերությունների (Ֆլեշ ՍՊԸ եւ Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն ՍՊԸ) վարքագիծը հիմնականում համապատասխանում է ծախսային հոդվածների փոփոխություններին՝ ինչպես գների բարձրացման, այնպես էլ նվազման դեպքում: Հարկ է նշել, որ բենզինի գների փոփոխությունները հիմնականում պայմանավորված են ձեռքբերման գների եւ արտարժույթի փոխարժեքի փոփոխություններով: Համաձայն ՏՄՊՊՀ կողմից խոշոր ընկերությունների բենզալցակայաններում կատարված դիտանցումների, վերջին օրերին բենզալցակայաններում արձանագրվել է բենզինի գնի բարձրացում՝ 10 դրամի չափով: Ներկայումս Հանձնաժողովը շարունակում է հետեւել այս շուկայում տեղի ունեցող զարգացումներին եւ գների բարձրացման միտումները շարունակվելու դեպքում Հաձնաժողովը կշարունակի անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի՝ գնային փոփոխությունների հիմնավորվածությունը պարզելու նպատակով»,-փոխանցել է մամուլի քարտուղարը:





























