ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «Արարատմիլկ» ՍՊԸ-ի ապխտած «սուլուգունի պանիր» եւ «կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը:
«Արարատմիլկ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման եւ անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերված սննդամթերքը ճանաչվել է վտանգավոր, մասնավորապես՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից արտադրված «սուլուգունի պանիր» արտադրատեսակը ԱՑԽՄ ցուցանիշով, իսկ կաթի սերը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ եւ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին: Հայտնաբերվել են նաեւ սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով «Արարատմիլկ» ՍՊԸ-ին հանձնարարվել է «սուլուգունի պանրի» եւ «կաթի սերի» արտադրությունը համապատասխանեցնել Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրության տեխնիկական կանոնակարգի պահանջներին եւ նշված արտադրատեսակները կրկին ներկայացնել լաբորատոր փորձաքննության: Արտադրողին միաժամանակ կարգադրվել է 30.05.2015թ արտադված 20 կգ ապխտած սուլուգունի պանրի եւ 29.06.2015թ արտադրված 12 կգ կաթի սերի խմբաքանակները շուկայից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչեւ 2015 թվականի հուլիսի 30-ը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մեկ այլ որոշմամբ՝ «Արարատմիլկ» ՍՊԸ-ում սննդի շղթայի չորս աշխատակիցների չի թույլատրվի աշխատել, մինչեւ սահմանված կարգով չենթարկվեն պարտադիր բժշկական զննության. պարզվել է, որ աշխատակիցները չեն ենթարկվել նախնական եւ պարբերական բժշկական զննության եւ չունեն անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ:
Հիշեցնենք, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում արգելվում է աշխատել սննդի շղթայում:





























