Օֆշորային հայտնի սկանդալից հետո արտերկրից Հայաստան ներդրումները 68 տոկոսով կրճատվել են։ Այս մասին այսօր` հուլիսի 9–ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս ասաց «Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանը։
«Սրանով մի ամբողջ Հայաստանի Հանրապետության հեղինակության հետ են խաղացել։ Էսօր ներդրումներ չի կատարվում դրսից, որովհետեւ ՀՀ–ն ինձ` ինչպես ներքին ներդրողի, էս օրին ա քցել»,– զայրացած ասաց։
Փայլակ Հայրապետյանը եւս մեկ անգամ պնդեց, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը չի իրագործել բիզնես ծրագիրը եւ ներդրված գումարներն այլ նպատակով է օգտագործել։
«Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ էդ գումարներով Սուքիասյանը պարոն Կճոյանին (եթե պարոն ա ինքը) գնել ա 500 000 դոլարանոց սպիտակ մեքենա: Բիզնես ծրագրով ոչ լվացող մեքենա ա առել, ոչ էլ որեւէ տեխնիկա։ Գումարները` 9մլն, փոխանցել ա օֆշորային գոտի»,– ասաց նա։
Փայլակ Հայրապետյանը ավելացրեց, որ դատական նիստերին պետք է ներկա լինեն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ գործարքներն իրականացրած բանկի «հերոսները»։
«էսօր ինչի՞ պիտի Կճոյանը, նախկին վարչապետը, բանկի էդ երեք հերոսները ներկա չլինեին, ինչի՞ համար են անջատվում, փողն ո՞ւմ է փոխանցվել։ Դրանց բոլորին կանչենք, ասենք, այ հանցագործներ, եկեք, տեսնենք` ինչ եք արել էդ գումարները։ Էսօր կանգնել, ծիծաղում ա»,– ասաց Հայրապետյանը`մատնանշելով, ամբաստանյալին, որն, իսկապես, նրա ամբողջ ցուցմունքի ընթացքում ժպտում էր։
Կողմերը Փայլակ Հայրապետյանին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան հաջորդ դատական նիստին` հուլիսի 16–ին։
Նշենք, որ այսօր մեկնարկեց «Օֆշորի» գործով դատաքննությունը։ Մեղադրականի հրապարակումից հետո ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Դատարանում ցուցմունք տվեց տուժող Փայլակ Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված, գործով միակ մեղադրյալ, գործարար Աշոտ Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ տնօրինել են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերը:
Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչեւ 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ, որի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:
Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, եւ գումարը վերցնելով հեռացել էր երկրից, իսկ «Ամերիաբանկն» անարգել շարունակել է գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունների բանկային հաշվեհամարներին:
2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:





























