Մինչեւ հիմա ինձ դատաբժշկի ուղեգիր չեն տրամադրել, չնայած նրան, որ ես բազմաթիվ վնասվածքներ ունեի եւ փաստաբանս էլ միջնորդել էր այդ հարցով

Սարյանի այգու տարածքից հունիսի 23-ի վաղ առավոտյան բերման ենթարկված` Ժամանակակից արվեստի ինստիտուտի ծրագրավար Թագուհի Թորոսյանին հուլիսի 10-ին հրավիրել են ոստիկանություն հարցաքննության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ ոստիկանների կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու մասին ավելի վաղ ինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

«Մինչեւ հիմա ինձ դատաբժշկի ուղեգիր չեն տրամադրել, չնայած նրան, որ ես բազմաթիվ վնասվածքներ ունեի եւ փաստաբանս էլ միջնորդել էր այդ հարցով: Հուլիսի 10-ին հարցաքննության են հրավիրել իմ կողմից տված հաղորդման հիման վրա»,-ասաց նա:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թագուհի Թորոսյանին ոստիկանությունում հրաժարվում են դատաբժշկի ուղեգիր տրամադրել, չնայած նրան, որ վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր ստացել բերման ենթարկվելիս: Թագուհի Թորոսյանը տեսնելով, որ իրեն դատաբժշկի ուղեգիր չեն տրամադրում, իր նախաձեռնությամբ պոլիկլինիկա էր գնացել եւ ֆիքսել իր ստացած վնասվածքները:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: