Էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման դեմ պայքարող շարժման նոր համակարգողները խաբում են ժողովրդին՝ իշխանությունների գլխի տակ փափուկ բարձ դնելով: Այս պահին Ազատության հրապարակում ընթացող «Լուսավորիչ» հանրահավաքի ժամանակ, Դավիթ Սանասարյանի ելույթի ժամանակ նման կարծիք հայտնեց հավաքի մասնակից, տարեց մի ազատամարտիկ, որը խոսքի իրավունք խնդրեց: (ֆոտոռեպորտաժ)
«Որպես ազատամարտիկի թույլ տվեք ես էլ միանամ ձեր ասածներին, թե՞ մենակ դուք կարաք խաբեք էս ժողովրդին իշխանությունների գլխի տակ փափուկ բարձ դնելով, դուք նրանց ժամանակ եք տալիս»,- վրդովված ասաց ազատամարտիկը:
Ի պատասխան այդ մեղադրանքի շարժման համակարգողներից, հացադուլավոր Դավիթ Սանասարյանը հարցով դիմեց հավաքվածներին. « Էստեղ մեզ մեղադրում են, որ մենք իշխանությունների գլխի տակ փափուկ բարձ ենք դնում, բայց իշխանությունները գլուխ ունե՞ն, որ մենք փափուկ բարձ դնենք նրանց գլխի տակ», ինչին հանրահավաքի մասնակիցները միաձայն «Ո՛չ» բացականչեցին:
Շարժման ընթացքից դժգոհ տղամարդուն փորձեց հանգստացնել հավաքը համակարգողներից մեկը:
Նշենք, որ Ազատության հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան: Ոստիկանական ուժերը կենտրոնացված են հրապարակի բոլոր ելքերի մոտ:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանրահավաքի համակարգողներին եւս մեկ անգամ հորդորեց մնալ Ազատության հրապարակում եւ երթ չանել:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ տեւած նստացույցից հետո հուլիսի 6-ին ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան: Ցուցարարները, որոնցից 40-ից ավելին բերման ենթարկվեցին, նստացույցը տեղափոխեցին Ազատության հրապարակ: Նրանք այսօր հավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո հնարավոր է երթ:
Նշենք, որ դեռ օրեր առաջ ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել Ազատության հրապարակից երթ անցկացնել՝ պատճառաբանելով, որ այն նախապես արտոնված չէ:




























