Հայաստանում էներգետիկ ոլորտի ճգնաժամն առաջացել է  ՀՀ իշխանությունների եւ ՀԷՑ-ի հանցավոր պայմանավորվածության արդյունքում: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Ազատության հրապարակում ընթացող «Լուսավորիչ» հանրահավաքի ժամանակ ասաց շարժման համակարգող խմբի անդամ Նարեկ Այվազյանը՝ հավելելով, որ այդ ճգնաժամը իշխանությունները փորձում են «ծածկել» էլեկտրաէներգիայի թանկացմամբ: (ֆոտոռեպորտաժ)

«ՀԷՑ-ի ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը լիովին բացահայտեց ու ապացուցեց նրանց կողմից կատարած թալանը: Թանկարժեք ավտոմեքենաները, տների վարձակալությունը եւ մյուս պատճառները ընդամենը կոսմետիկ պատճառներն էին: Հենց սա է անվստահություն առաջացնում ՀԾԿՀ-ի թե անակախության, թե արդյունավետ գործունեության մասով: Եվ մենք աում ենք դադարեցրեք ձեր անպտուղ գործունեությունը եւ հեռացեք»,-ասաց նա:

 Հիշեցնենք, որ երկու շաբաթ տեւած նստացույցից հետո հուլիսի 6-ին ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան: Ցուցարարները, որոնցից 40-ից ավելին բերման ենթարկվեցին, նստացույցը տեղափոխեցին Ազատության հրապարակ: Նրանք այսօր հավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո հնարավոր է երթ:

Նշենք, որ դեռ օրեր առաջ ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել Ազատության հրապարակից երթ անցկացնել՝ պատճառաբանելով, որ այն նախապես արտոնված չէ: