Փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու դեպքում ԲՐԻԿՍ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները բոլոր նախապայմաններն ունեն՝ տնտեսական հզոր թռիչք կատարելու համար: Այս մասին հուլիսի 9-ին երեք կառույցների առաջնորդների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով, հանդիպման գլխավոր թեման է եղել ներկայացված երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման ուղիների ընտրությունը: Ըստ Պուտինի, միանգամայն օգտակար կլիներ նաեւ քննարկել Եվրասիայի զարգացման հեռանկարներն ու աշխարհի այլ տարածաշրջանների հետ կապերի ամրապնդման հարցերը:
«Կասկած չկա, որ անհրաժեշտ բոլոր նախապայմաններն առկա են՝ փոխօգտակար համագործության հորիզոններն ընդլայնելու, մեր ունեցած մարդկային կապիտալը, ռեսուրսները, սպառողական շուկաները միավորելու համար՝ տնտեսական հզոր թռիչք ապահովելու նպատակով»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նա նաեւ նշել է տարանցման հսկայական պոտենցիալը՝ մատնանշելով «տրանսպորտային նոր արդյունավետ շղթաների կառուցումը, մասնավորապես՝ «Մետաքսե ուղու» նախաձեռնության իրականացումն ու ՌԴ-ի արեւելյան հատվածի եւ Սիբիրի տրանսպորտային հաղորդակցության զարգացումը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Ուֆայում անցկացվում է ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի գագաթաժողովները:





























