Արարատի մարզի Նարեկ գյուղում մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժած գյուղացիները որեւէ փոխհատուցում չեն ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանը՝ հավելելով, որ հայտնի չէ՝ կառավարությունը փոխհատուցում կտրամադրի, թե ոչ:
«Բերքն ամբողջությամբ կորցրել է արժեքը: Եթե ծիրանը կարկուտից առաջ կարող էինք վաճառել 300-500 դրամով, ապա այսօր ստիպված ենք հանձնել գործարաններին ընդամենը 30-40 դրամով: Նույնը վերաբերում է նաեւ մյուս մրգերին, իսկ բանջարաբոստանային կուլտուրան ամբողջությամբ էր փչացել, գյուղացիները նորից սածիլ են արել, հազիվ սեպտեմբերին բանջարեղեն ունենանք»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. մայիսի 23-ի երեկոյան Արարատի մարզի Քաղցրաշեն եւ Նարեկ գյուղերի տարածքներում տեղացել է կարկուտ: Մայիսի 25-ին Նարեկի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել գյուղապետարանի առջեւ՝ պահանջելով փոխհատուցել կրած վնասը: Նրանց խոսքով՝ բերքը գրեթե 100%-ով փչացել է:





























