Բրազիլիայում ավելի քան 10 հազար ձկներ աշխարհի խոշորագույն քաղցրահամ ակվարիում փոխադրվելուն սպասելու ընթացքում սատկել են: Ըստ Channel News Asia-ի, միջադեպը տեղի է ունեցել Կամպու Գրանդի քաղաքում:

Քանի որ սպասվում էր, որ հսկայական ակվարիումը կառուցվելու է մինչեւ 2014 թվականի ավարտը, նոյեմբերին Աֆրիկայից, Ասիայից եւ Օվկիանիայից ձկներ են բերվել: Սակայն շինարարությունը ձգձգվել է, եւ ձկներին տեղավորել են ժամանակավոր ակվարիումներում: Lenta.ru-ի փոխանցմամբ, նրանց պահելու համար 5.2 մլն բրազիլական ռեալ է ծախսվել:

Ձկների շուրջ 80%-ը չի դիմացել ջերմաստիճանային ռեժիմին, 10%-ը սատկել է հիվանդությունների հետեւանքով, եւս նույնքանն էլ չի հաղթահարել փոխադրումը: Բացի այդ, բրազիլական նահանգի իշխանությունները պնդում են, որ ձկների սատկելուն կարող էր նպաստել ջրի ոչ բավարար մաքրությունը: