Իտալիայի հյուսիսի բնակիչներին 50-ից մինչեւ 500 եվրոյի չափով տուգանք է սպառնում նրանց, ովքեր չեն պայքարում մոծակների դեմ: Ընդ որում, Մոնտեբելունայի քաղաքապետարանի պարզաբանմամբ, խնդիրը յուրաքանչյուր մոծակի հետապնդելու մեջ չէ, պարզապես պետք է չնպաստել դրանց թվի բնական աճին:

Ամառային սեզոնի սկզբին քաղաքային իշխանությունները որոշել են պայքարել հատկապես տեղի այն բնակիչների դեմ, որոնք նպաստում են «արյունախումների» թվի աճին: Հատուկ որոշմամբ, արգելվում է տանը, աշխատավայրում, պատշգամբում եւ այգիներում այնպիսի իրեր թողնել, որտեղ կարող է անձրեւաջուր կուտակվել, օրինակ՝ շշեր կամ դատարկ թաղարներ:

Ըստ Mignews-ի, արգելքների երկար ցանկից բացի, խորհուրդ է տրվում նաեւ վարակազերծել ջրհորներն ու կտրել խոտը, որպեսզի մոծակները չկարողանան բազմանալ: