Հայաստանի Կենտրոնական բանկը հայերեն թարգմանել եւ իր պաշտոնական կայքէջում զետեղել է Կենտրոնական բանկերի գործունեության հետազոտությունների կենտրոնի՝ «Գնաճի նպատակադրման նորագույն մոտեցումները» հրատարակությունը` Ջիլ Հեմոնդի հեղինակությամբ (Անգլիայի բանկ): Հետազոտությունը վերաբերում է այն բանկերին, որոնք գնաճի նպատակադրման քաղաքականություն են վարում՝ դրանց թիվը աշխարհում 27-ն է։ Հայաստանի կենտրոնական բանկը դրանցից մեկն է, որը գնաճի նպատակադրման քաղաքականության է անցել 2006 թվականին։

Հեմոնդի ձեռնարկը չի կարելի անվանել համապարփակ, քանի որ վերաբերում է սահմանափակ թվով կենտրոնական բանկերի, սակայն նրանում բավական հետաքրքիր համեմատություններ կան, որոնք կարող են ուսանելի լինել նաեւ մեզ համար։ Դատելով ձեռնարկի նյութերից՝ Հայաստանը գնաճի նպատակադրման ամենածայրահեղական մոդելներից մեկն է ընդունել, թեեւ 2006 թ. մեզ մոտ շատերը առաջին անգամ էին լսում այդ տերմինը։

Ըստ ձեռնարկի՝ գնաճի նպատակադրման քաղաքականությունը ենթադրում է, որ գների կայունությունը միանշանակ ընդունվում է որպես դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակ, եւ զուգահեռ պետք է տարվի հրապարակային եւ թափանցիկ քաղաքականություն։ Մինչ այս ուղության ի հայտ գալը, կենտրոնական բանկերի քաղաքականությունը հիմնվում էր մոնետարիստական տեսության վրա, որն էլ ենթադրում էր գնաճի կարգավորումը փողի քանակական փոփոխությունների միջոցով։ Իսկ գնաճի նպատակադրումը հիմնված է այն մոդելի վրա, որ գնաճը պետք է կարգավորել վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով։

Միանգամից նշենք, որ Հայաստանում այս մոդելի կիրառումը լիովին ձախողվել է, որի պատճառով էլ ԿԲ-ն չի կարողանում գնաճը կառավարել արդեն երկար տարիներ։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը մեզ մոտ գնային միջավայրի վրա որեւէ էական ազդեցություն չի թողնում, դրա հանդեպ բավական «անուշադիր են» նաեւ առեւտրային բանկերը։

Գնաճի նպատակադրման ռազմավարություն ընդունած առաջին երկիրը Նոր Զելանդիան է՝ 1989 թ.։ Այդ մոդելից են օգտվում նաեւ Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Իսրայելը, Սերբիան եւ այլն։ Սակայն ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն է գնացել այդ ճանապարհով։ Գնաճի նպատակադրում չեն իրականացնում նաեւ ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ մի շարք այլ զարգացած երկրներ։ Սակայն նշենք, որ մի շարք երկրներ զգուշություն են ցուցաբերել, եւ դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակ են հռչակել ոչ միայն գների կայունությունը։ Օրինակ, Ավստրալիայում ԿԲ-ի հիմնական խնդիրը գների կայունությունն է եւ զբաղվածության ապահովումը, իսկ Կանադայի ԿԲ-ի հիմնական խնդիրը երկրի տնտեսական ու ֆինանսական բարեկեցությանը սատար կանգնելն է։

Հայաստանում գների կայունության ապահովման խնդիրը հասցվել է մինչեւ սահմանադրական նորմի աստիճան։ Սա բացառիկ, ծայրահեղ մոտեցում է, գործնականում՝ անկիրառելի։

Մյուս կարեւոր հարցն այն է, թե ի՞նչ պետք է հասկանալ «գների կայունություն» ասելով։ Պարզվում է՝ այստեղ միատեսակ մոտեցումներ չկան։ Զարգացած արդյունաբերական երկրներում գնաճի նպատակային ցուցանիշները գտնվում են 1-3 տոկոսի միջակայքում։ Աշխարհում 3 երկրներ (Թուրքիան, Գանան եւ Սերբիան) գնաճը նպատակադրում են 5 տոկոսից բարձր միջակայքում։ Հայաստանում նախապես փորձում էին գնաճի նպատակ սահմանել 3 տոկոսը, բայց դա գործնականում ձախողվեց։ Հիմա սահմանվում է 4+-1,5 տոկոս, որը նույնպես չի պահպանվում։ Թուրքիայի ԿԲ-ն ավելի անկեղծ է եւ գործում է 6,5+-2 տոկոս միջակայքում։ Այնուամենայնիվ՝ երկրների մեծ մասը աշխատում են 3 տոկոսը չգերազանցել, այլապես գների կայունության մասին իմաստ չունի խոսել։

 

Սամվել Ավագյան