«Առավոտ»-ը  զրուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Գրիգորյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Դուք կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ մեր բանակում հրամանատարները իրենք իրենց օրենքից դուրս են դնում, իրենց ամենակարող են համարում զինվորների հետ շփումներում:

Չկա այդպիսի բան, անցել են այն ժամանակները՝ 95-96 թվերը, հիմա օրենքը կա, բոլորն աշխատում են օրենքի շրջանակներում: Ես չեմ հանդիպել այնպիսի մեկին, որն իրեն ամենակարող համարի: Մեր բոլոր հրամանատարներն ավարտել են զինվորական ակադեմիա, պրոֆեսիոնալ կրթություն են ստացել, կրթված մարդիկ են: Իսկ այդ կարգի ցավալի դեպքերը կատարվում են քեզանից անկախ: Պիտի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, չի լինում այնպես, որ հենց այնպես վերցնում ու սպանում են: Մինչ այդ ինչ-որ բան դրան հասցնում է:

Իսկ այդ ինչ-որ բանը գուցե այն է, որ բանակում վիրավորում են զինվորի արժանապատվությունը, ստորացնում են զինվորին:

Ես համաձայն չեմ, այդպիսի բան չկա, նորից եմ կրկնում, եղել է ժամանակին, հիմա այդպիսի բան չկա: 2000 թվականից այս կողմ պատահական մարդ չկա, որ հրամանատար է դարձել: Հրամանատարներ են դառնում մարդիկ, որոնք բարոյապես իրենց տեղում են: Պարզապես հրամանատարին պիտի օգնեն, բոլոր տեղակալները պիտի աշխատեն: Համաձայն եմ, ինչ-որ տեղ ինչ-որ բան չի ստացվում, բայց աշխատում ենք: Գիտեք, մինչեւ հուլիս ամիսը մեր կարգապահական բանկում երկու անգամ պակասել էին դեպքերը, ավելի լավ էր, քան ամենալավ տարում, եւ խնդրեմ՝ հուլիսի ամսին այդքան դեպք: Մենք պիտի աշխատենք ոչ թե դեպքից հետո գնանք, այլ՝ դեպքից առաջ քայլենք:

Համամի՞տ եք այն կարծիքին, որ պատերազմի բովով անցած հրամանատարները շատ ավելի կոպիտ են զինվորների հետ:

Համաձայն չեմ, ընդհակառակը, պատերազմ անցած հրամանատարը, որը մարտի դաշտում տեսել է զինվորին, իր կողքին կռվել է, շատ ավելի սրտացավ է, ավելի հայրական վերաբերմունք ունի: Ինչպե՞ս  կարող է հրամանատարը բարի չլինել զինվորի հանդեպ: Աստված չանի, կռիվ սկսվի, այդ զինվորի հետ ենք կռիվ գնալու: Չեմ պնդում, թե զինվորի հանդեպ վերաբերմունքը հարյուր տոկոսով բոլոր հրամանատարների կողմից լավ է, բայց պնդում եմ, որ հիմնականում հրամանատարների վերաբերմունքը զինվորի հանդեպ հայրական է: Ես էլ հրամանատար եմ եղել, եղել է, որ ապտակել եմ զինվորին, բայց դա եղել է հայրական ապտակ: Ես երբեք չեմ սիրել խմած զինվորին եւ խաբեբա զինվորին, որովհետեւ խմածից ու խաբեբայից ամեն ինչ սպասելի է: