Իրենց աշխատավարձերի պարտքերի մարում պահանջող նաիրիտցիներն արդեն ստացել են տույժ-տուգանքներից ազատվելու մասին համաձայնագիրը, որը ստարոգրելուց հետո օրվա ընթացքում կստանան իրենց աշխատավարձերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Գործարանի տնօրեն Ռոբերտ Սաղաթելյանն այսօր նախարարությունից բերեց համաձայնագրերի բլանկները: Բոլորը դժվար հասցնեն այսօր ստորագրել, սակայն նրանք, ովքեր ստորագրել են,  օրվա ընթացքում կսկսեն ստանալ իրենց աշխատավարձերը»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Նաիրիտցիները, այնուամենայնիվ, պատրաստվում են հուլիսի 15-ին նորից հավաքվել գործարանի մոտ՝ ակնկալելով, որ այս կերպ ղեկավարությունն ավելի արագ կկատարի իր խոստումը:

Նշենք, որ համաձայնագրով նաիրիտցիները պարտավորվում են հրաժարվել աշխատավարձերի տույժ ու տուգանքի վերաբերյալ պահանջից եւ կստանան միայն աշխատավարձի մայր գումարը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ  նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: