Հունաստանի պետական ծառայողները համազգային գործադուլ են սկսել կապված խիստ տնտեսման միջոցառումների եւ բարեփոխումների մասին օրինագծի հետ, որը երկրի խորհրդարանում քվեարկության է դրվելու այսօր երեկոյան: Այդ օրինագիծն անհրաժեշտ է միջազգային վարկատուների հետ համաձայնագիր կնքելու համար: Գործադուլը կտեւի 24 ժամ:
Հունաստանի խոշորագույն արհմիութենական միավորումը (ADEDY) կոչ է արել աշխատավորներին դուրս գալ փողոց: «Մենք հակաժողովրդական համաձայնագրի քվեարկության օրը մեկօրյա գործադուլի եւ Աթենքի Սինտագմա (Սահմանադրության) հրապարակ դուրս գալու կոչ ենք անում»,-ասված է արհմիության տարածած հայտարարությունում:
Մինչ այդ բողոքի ակցիաներ տեղի կունենան Աթենքի Կլատմոնաս հրապարակում եւ ADEDY-ի տարածաշրջանային գրասենյակների մոտ՝ հետեւյալ կարգախոսներով. «Պայքար մինչեւ վերջ», «Ոչ հուշագրերին, ոչ հարկային թալանին, ոչ մասնավորեցմանը»:




























