ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Գրիգորյանը պետք է ձերբակալվի եւ նրա դեմ պետք է քրեական գործ հարուցվի՝ զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու եւ նրանց խոշտանգելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը՝ անդրադառնալով Վալերի Գրիգորյանի մամուլում արած այն հայտարարությանը, թե  ինքը հրամանատար եղած ժամանակ «հայրական ապտակ է տվել» զինվորներին:

«Եթե  երկրի կարեւոր կառույցներից մեկի ղեկավար անդամը նման հայտարարություն է անում, դա նշանակում է, որ հայ հասարակությունը հիվանդ է, մենք պիտի բուժվենք բոլորս: Ի՞նչ է նշանակում՝ «հայրական ապտակ» տալ զինվորին: Հիվանդ հասարակությունն է, որ թույլ է տալիս նման պաշտոնում աշխատել մի մարդու, ով, փաստորեն, այսքան ժամանակ զինվոր ծեծելով հասել է իր ներկայիս պաշտոնին»,-ասաց իրավապաշտպանը: Միքայել Դանիելյանը նշեց, որ ապտակը, իրավական ձեւակերպում ունի՝ խոշտանգում, անմարդկային վերաբերմունք, որը ենթադրում է քրեական պատասխանատվություն:  

Նշենք, որ Վալերի Գրիգորյանը մամուլում հայտարարել էր. «Չեմ պնդում, որ զինվորի հանդեպ վերաբերմունքը հարյուր տոկոսով բոլոր հրամանատարների կողմից լավ է, բայց պնդում եմ, որ հիմնականում հրամանատարների վերաբերմունքը զինվորի հանդեպ հայրական է: Ես էլ հրամանատար եմ եղել, եղել է, որ ապտակել եմ զինվորին, բայց դա եղել է հայրական ապտակ»: