Հետազոտողները հավաստում են. մարդու ձեռքի ափն ավելի նման է շուրջ 3.3 մլն տարի առաջ ապրած մեր նախնիների ձեռքի ափին, քան շիմպանզեի ձեռքերը: Մասնագետների հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
Մարդու ձեռքի ափը հարմարեցված է տարբեր չափսերի առարկաներ բռնելու համար: Մարդիկ բավական երկար բթամատ ունեն, որը կարողանում է հասնել մյուս մատներին: Շիմպանզեի ձեռքը՝ հակառակը, երկար չորս մատ ունի, որոնք այդ կենդանուն անհրաժեշտ են ծառերի վրա բարձրանալու համար:
Ըստ Gazeta-ի, հետազոտության արդյունքում պարզվել է, որ հնագույն հոմինիդների ափերը նույն կառուցվածքն ունեին, ինչ ժամանակակից մարդու ձեռքերը: Իսկ ահա շիմպանզեների մատների երկարությունն ավելի ուշ է կազմավորվել, էվոլյուցիայի ընթացքում: Դա նշանակում է, որ մարդու ձեռքի կառուցվածքն ավելի հին է եւ էվոլյուցիոն տեսանկյունից ավելի պարզ, իսկ աշխատանքային գործիքներից օգտվել մարդը սովորել է գլխուղեղի զարգացման շնորհիվ:




























