Ճապոնական բլոգեր Նավեր Մատոմեն սոցիալական ցանցերում հիացմունքի ալիք է առաջացրել՝ հավաքելով եւ ներկայացնելով ուտեստներ, որոնք մատուցում են Ճապոնիայի հիվանդանոցներում: Դրանց թվում այնքան դելիկատես կա, որքան չես հանդիպի բազմաթիվ ամերիկյան ռեստորաններում:

Ամեն օր հիվանդները համալիր սնունդ են ստանում՝ ներառյալ բրինձ, ձուկ կամ թռչնամիս, սոյայից մթերքներ, միրգ, բանջարեղեն եւ թեյ: Մթերքի մեծ մասը տեղական է եւ սեզոնային, իսկ դա նշանակում է, որ դրանք թարմ են, այլ ոչ թե պահածոյացված կամ սառեցված: Ամռանը կամ աշնանը ռամեն լապշայում կարող է մինչեւ 9 տեսակի բանջարեղեն ներառվել:

Ըստ Kedem-ի, հաշվի առնելով, որ սնունդը մատուցվում է ճապոնական ավանդույթներին համապատասխան, այսինքն՝ հիմնականում փոքր ափսեներով, գունային համադրությամբ, հիվանդանոցում սովորական ճաշն անհնար է տարբերել սրճարանում մատուցվողից:

Հիվանդների սննդի հանդեպ բուժհաստատությունների այդպիսի վերաբերմունքը բացատրվում է նրա արագ ապաքինվելու մասին մտահոգությամբ: Ճիշտ եւ բավականաչափ սննդի դեպքում հիվանդներն ավելի արագ են ապաքինվում, իսկ ախորժակ արթնացնելու համար հիվանդանոցային խոհարարները ձգտում են սնունդն ավելի գրավիչ դարձնել: