Իրանի նկատմամբ սանկցիաները հանելը շատ դրական է Հայաստանի համար, այն ունի մի քանի նշանակություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ  Գագիկ Մակարյանը:

Նրա կարծիքով՝  քաղաքական նշանակությունն այն է, որ Իրանը խոշոր ռեսուրսներով օժտված մի պետություն է, տարածաշրջանում համաչափ կեցվածք ունի, Հայաստանի հանդեպ էլ բարեկամական է տրամադրված, հետեւաբար՝ իր ազդեցությամբ կհավասարակշռի  Թուրքիայի-Ադրբեջանի տանդեմը, նաեւ ռուսական որոշակի ազդեցություններ: «Իրանը կարող է հավասարակշռել, սատար կանգնել կամ հակակշռել: Հայաստանը կարող է Իրանի հանգամանքը օգտագործել տարբեր քաղաքական պրոցեսներում»,-ասաց նա:

Տնտեսական նշանակությունը, ըստ Գագիկ Մակարյանի, ավելի մեծ է: Նրա խոսքով՝  Իրանը որպես փակ պետությունը, որը չուներ արտահանում եւ այն խիստ նվազեցրել էր ԱՄՆ ճնշումների ներքո, իր շուկան զերծ պահելու համար մաքսատուրքեր էր սահմանել, այժմ Իրանը ոչ միայն իր ռեսուրսները կվաճառի, այլեւ հնարավոր է վերանայի իր մաքսատուրքերը: «Սա նշանակում է, որ հայկական ապրանքները կարող են վաճառել Իրանում, իսկ իր վառելիքի բազայով կարող է օգտակար լինել Հայաստանին: Եթե նախկինում Իրանի հետ հարաբերություններ չէին խրախուսվում ԱՄՆ-ի կողմից, հիմա այդ վերահսկողությունը կթուլանա, կխրախուսվի առեւտուրը: Նախկինում Իրան արտարժույթ չէր մտնում, երբ դա մտնի, կհայտնվի ժողովրդի եւ ընկերությունների ձեռքին, այդ դեպքում Իրանի  քաղաքացին կարող է  փոխարժեք առնել, ճամփորդել  Հայաստան, իսկ նախկինում նրանք սահմանափակված էին այդ խնդրով, որովհետեւ փոխարժեք չկար, իսկ հիմա տուրիզմը կզարգանա»,-ասաց տնտեսագետը:

Փորձագետի կարծիքով՝ առեւտրի աշխուժացման հետ մեկտեղ կարող են արտադրություններ դրվել, ներդրումներ արվել, իրանական ընկերությունները կարող են ներդրումներ ունենալ Հայաստանում, ինչը խիստ դրական է ազդելու մեր տնտեսության վրա:

Այս ամենը, Գագիկ Մակարյանի կարծիքով, կհանգեցնի նրան, որ Իրանը կցանկանա մտնել  խոշոր ենթակառուցվածքների նախագծերի մեջ, օրինակ՝ երկաթգծի ծրագիր, քանի որ դա նաեւ իրենց է պետք բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Դրան կարող է հաջորդել նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհի ծրագիրը, ու եթե դա կապվի Փոթիի հետ, ինչպես նախատեսվում է, ապա կառաջացնի բազմաթիվ ծառայություններ՝  սննդի, հագուստի, զվարճանքի կետեր, մեքենաների վերանորոգման ծառայություններ: