Կենդանասերներին վրդովվեցրել է համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի մի խումբ բնակիչներ դաժանաբար են վարվում գայլի հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» հասարակական կազմակերպության անդամ Կարեն Հովեյանը նշեց, որ գայլին բռնության ենթարկող քաղաքացիները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Նրանք խախտել են 92-րդ հոդվածը, այն է՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով: Բայց համոզված չեմ, որ տեսանյութում առկա մարդիկ տուգանքի են ենթարկվել»,- ասաց Կարեն Հովեյանը:

Նրա խոսքով՝ տեսանյութից պարզ է դառնում, որ բռնությունը գործադրել է զինվորական համազգեստով մի տղամարդ, ամենայն հավանականությամբ սպա:

«Իսկ զինվորականն այս կերպ վարվելու իրավունք չունի»,- ասաց որսորդը՝ հավելելով, որ բազմաթիվ քաղաքացիներ մտահոգված են խնդրով եւ չեն լռելու, մինչեւ հարցը լուծում չստանա եւ մեղավորները չպատժվեն:

Նշենք, որ տեսանյութը համացանցում է հայտնվել դեռեւս 2014թ. դեկտեմբերին: