Երիտասարդ ակտիվիստներ Գրիգոր Ղահրամանյանը եւ Գարիկ Գալստյանն այսօր՝ հուլիսի 16-ին, անժամկետ նստացույց են սկսել Կառավարության շենքի առջեւ՝ պահաջելով շուտափույթ մարել «Նաիրիտ» ՓԲԸ նախկին եւ ներկա աշխատակիցների աշխատավարձային պարտքերը եւ վերագործարկել գործարանը:
«Մեր հարազատներից եւ ոչ մեկը ոչ աշխատել, ոչ էլ աշխատում է գործարանում, բայց մենք պայքարելու ենք նաիրիտցիների համար եւ այս անարդարության դեմ: Այստեղ կմնանք այնքան ժամանակ, մինչեւ փաստաթղթավորված ներկայացնեն, թե երբ աշխատավարձերը կվճարեն: Նաեւ կփորձենք ապացուցել նաիրիտցիներին, որ փողոցային պայքարը կարող է արդյունք տալ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Գրիգոր Ղահրամանյանը:
Նշենք, որ երեկ նաիրիտցիները հայտարարել էին, որ այսօր անժամկետ նստացույց են սկսելու Կառավարության առջեւ, սակայն այսօր ընդամենը երկու նաիրտցի էր միացել երիտասարդներին եւ ավելի ուշ հեռացել:
Թեեւ նաիրիտցիներին եւս չէր բավարարել 12 օր սպասելու եւ ապա աշխատավարձերն ամբողջությամբ ստանալու՝ նախարար Երվանդ Զախարյանի խոստումը, նրանք որոշեցին սպասել եւ այդ ընթացքում ոչ թե նստացույց անել, այլ ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնել Կառավարության մոտ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն սակայն այսօրվա դրությամբ աշխատակիցներից ոչ մեկի հաշվին դեռեւս գումար չի փոխանցվել: Նաիրիտցիները ստիպված են ստորագրել աշխատավարձի տույժ-տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր, որից հետո միայն կստանան իրենց աշխատավարձերը:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:





























