Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը համարում է, որ եվրոգոտու երկրներին ունեցած Հունաստանի պարտքը պետք է վերակառուցել: Նրա խոսքով, առանց պարտքի մի մասը դուրս գրելու Հունաստանի ֆինանսական օգնության երրորդ փաթեթն անօգուտ է: Այս մասին Լագարդը հայտարարել է ֆրանսիական «Եվրոպա-1» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Օգնության պլանը կենսունակ չէ առանց պարտքի կրճատման»,-ասել է նա՝ հավելելով, որ հունական պարտքի վերակառուցման երեք միջոց կա. Վարկերի մարման ժամկետի մեծացում, արտոնյալ ժամանակահատվածի երկարաձգում, որի ընթացքում հույները կարող են վճարումներ չկատարել, եւ վարկերի տոկոսադրույքների նվազեցում, հաղորդում է Gazeta-ն:

Լագարդը նաեւ հայտարարել է, որ ավելի կոնկրետ ֆինանսական օգնության երրորդ փաթեթի պայմանները կքննարկվեն «նվազագույնը 4 շաբաթ»: ԱՄՀ ղեկավարը ճիշտ է համարում հունական բանկերը ժամանակավորապես փակելու եւ կանխիկ գումար հանելու հարցում սահմանափակումներ կիրառելու որոշումը: «Դա լրիվ օրինական միջոցառում է, որը կոչված է պաշտպանել ներդրողներին»,-ասել է նա՝ հավելելով, որ դժվար թե բանկերը բացվեն հուլիսի 20-ին: