ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չոր կլիմա ունեցող երկրներից ներկրված չորադիմացկուն սորտեր է փորձում աճեցնել Հայաստանում` դիմակայելու  կլիմայի փոփոխության մարտահրվերներին: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների եւ պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության եւ ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

«Մենք մի շարք սորտեր ենք փոխանակում, սորտանշումներ ենք ձեռք բերում, եւ այդ չորադիմացկուն սորտերը փորձարկվում են մեր երկրի տարբեր բնակլիմայական պայմաններում:  Մենք պետք է նայենք ապագային, որպեսզի ծանր իրավիճակներում կարողանանք ունենալ մշակաբույսերի այնպիսի տեսականի, որը հնարավորոթյուն կտա այդ պայմաններում աշխատելու: Նաեւ մեր գիտական կենտրոնները նման խնդիր ունեն իրենց առջեւ լուծելու: Պետք է ամեն կերպ աշխատանքները տարվեն այդ ուղղությամբ, որպեսզի մենք ստանանք նաեւ ավելի չորադիմացկուն, անբարենպաստ պայմաններում լավ  հարմարվող եւ կայուն բերք ապահովող տեսակներ»,- իր ելույթում մասնավորապես ասել է Գառնիկ Պետրոսյանը: