Հյուսիսային Կարոլինայի ափերին գիտնականները նավի մնացորդներ են հայտնաբերել, որը, նախնական գնահատականներով, խորտակվել է XVIII դարի վերջին կամ XIX դարասկզբին:

Մասնագետներն օվկիանոսի հատակը հետազոտել են Sentry եւ Alvin ստորջրյա սարքերի օգնությամբ: 2012 թվականին գիտնականներն արդեն աշխատել են այս շրջանում, բայց այդ անգամ նրանք նավից ընդամենը 100 մետր հեռավորությամբ են եղել:

Gazeta-ի փոխանցմամբ, հաջողվել է նաեւ հայտնաբերել տախտակներ, որոնցից պատրաստվել է նավի կմախքը, մետաղական շղթաներ, ապակե շշեր, կավից իրեր, կողմնացույց, ինչպես նաեւ նավիգացիոն այլ սարքավորումներ:

Գիտնականները ենթադրում են, որ նավը խորտակվել է կա՛մ Ամերիկյան հեղափոխության տարիներին, այսինքն՝ XVIII դարի վերջին, կա՛մ փոքր-ինչ ուշ՝ XIX դարի սկզբին: Մասնագետները հավաստում են, որ հայտնաբերված իրերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել նավի խորտակման ժամանակաշրջանը: