Ամերիկյան հետազոտողները հանգել են եզրակացության, որ կնոջ կազմվածքի տեսակը կարող է ազդել նրա հիշողության վրա:

Իլինոյսի Հյուսիս-արեւմտյան համալսարանի բժշկական քոլեջի մասնագետները մի շարք թեստերի արդյունքում բացահայտել են, որ խնձորաձեւ կազմվածքով կանայք ավելի լավ հիշողություն ունեն, քան տանձաձեւ կազմվածքով տիկնայք:

Ըստ Mignews-ի, հետազոտողների ուսումնասիրությանը 65-79 տարեկան 8.745 կին է մասնակցել: Նրանց հիշողության թեստեր են առաջարկել, որոնք բժիշկները սովորաբար օգտագործում են հիվանդի ուղեղի ակտիվության մակարդակը գնահատելու համար:

Մասնագետները կարծում են, որ փորի հատվածում կուտակված ճարպն ակտիվացնում է կանացի էստրոգեն հորմոնը, որի քանակությունն օրգանիզմում դաշտանադադարից հետո բնականորեն կրճատվում է: Իսկ էստրոգենը, ինչպես բժիշկներն են կարծում, որոշակիորեն ուղեղը պաշտպանում է վաղաժամ ծերացումից: