Գիտնականները հայտարարել են. եթե աղջիկը շատ ժամանակ է անցկացնում սոցիալական ցանցերում եւ սիրում է կիսվել իր լուսանկարներով, ամենեւին չի նշանակում, որ նա մեծ տեղ է հատկացնում իր արտաքինին: Ավելի շուտ՝ հակառակը:

Հետազոտությանը համալսարաններում սովորող 128 աղջիկ է մասնակցել: Մասնագետները նրանց խնդրել են պատասխանել Facebook սոցիալական ցանցի օգտագործմանը վերաբերող հարցերի: Արդյունքում պարզվել է, որ սոցցանցում շատ ժամանակ անցկացնող եւ պարբերաբար լուսանկարներ հրապարակող աղջիկներն ավելի քիչ են մտահոգ իրենց կազմվածքով եւ արտաքին տեսքով, քան նրանք, ովքեր համացանցում նվազագույն ժամանակ են անցկացնում: Ավելին, նրանք հազվադեպ են դիետայի հետեւում եւ քաշ կորցնելու համար ծայրահեղ միջոցների դիմում:

Ըստ Gazeta-ի, հետազոտության հեղինակներն այս արդյունքները հետեւյալ կերպ են պարզաբանում. սոցիալական ցանցերի հանդեպ սերն ընդամենը նշանակում է, որ աղջիկը ցանկանում է զգայական կապ պահպանել ծանոթների եւ ընկերների հետ, այլ ոչ թե իր արտաքինը համեմատել այլ աղջիկների արտաքինի հետ: