Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա է ընթանում: Ցուցարարները վրանային ճամբար են խփել քաղաքի կենտրոնում՝ իշխող Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Վլադ Պլախոտնյուկի տան դիմաց:

«Բողոքի ցույցը չի ընթանում որեւէ կուսակցության դրոշի ներքո: Այն բաց է բոլոր քաղաքացիների համար, որոնք վրդովված են օլիգարխների գործողություններից: Մենք չենք հեռանա, մինչեւ սակագների բարձրացման որոշումը չչեղարկվի,- հայտարարել է խորհրդարանի նախկին պատգամավոր Գրիգորի Պետրենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ անցյալ շաբաթ Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունը որոշում էր կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել միջինում 30 տոկոսով, իսկ գազի սակագինը՝ 15 տոկոսով: Գործակալությունն այս որոշումը հիմնավորել էր այն հանգամանքով, որ դեվալվացիայի պայմաններում սակագների բարձրացումն անխուսափելի է: