ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ամրապնդելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը, շարունակում է վերապատրաստման, ուսուցողական դասընթացներ անցկացնել ծառայության քննչական կորպուսի ներկայացուցիչների համար:

Այսօր կազմակերպված դասընթացի շրջանակներում հիշյալ կենտրոնի նյութագիտական, հրդեհատեխնիկական եւ էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ, քիմիական գիտությունների թեկնածու Արսեն Ազիզյանը ներկայացրեց զարդերի կեղծման հիմնական ձեւերը, ճշգրտվեց փորձաքննությամբ լուծվող հարցերի շրջանակը, քննարկվեցին մետաղագիտական փորձաքննության առանձնահատկությունները, կիրառվող հետազոտությունների տեսակներն ու մեթոդները եւ մի շարք այլ հարցեր:

Առանձին անդրադարձ կատարվեց ճանապարհատրանսպորտային պատահարների՝ վրաերթերի հանգամանքների քննության ընթացքում նշանակվող նյութագիտական ոլորտի մի շարք փորձաքննությունների մեթոդիկաներին եւ դրանցով պայմանավորված առանձնահատկություններին:

Մասնագիտական փորձը փոխանցելով՝ Արսեն Ազիզյանը քննչական կորպուսի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց նաեւ պաշտոնատար անձանց կողմից դրամական կաշառք ստանալու փաստը հաստատելու վերաբերյալ նշանակվող փորձաքննություններին: Այդ համատեքստում մանրամասն ներկայացվեցին կաշառքի առարկա հանդիսացող թղթադրամների, հագուստի ու մարդու ձեռքերի վրա լյումինաֆոր տեսակի նյութի հետքերի հայտնաբերման ու դրա նույնացման նպատակով կատարվող փորձաքննությունների առանձնահատկությունները: