Հայ արտահանողները կշարունակեն ՌԴ-ում խնդիրներ ունենալ փոխարժեքի պատճառով։ Այդ մասին օգոստոսի 4-ին Երեւանում հայտարարել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
Նրա խոսքով, ռուբլու անկման պայմաններում ՌԴ Կենտրոնական բանկը ջանում է վարել հակացիկլային քաղաքականություն, որպեսզի չեզոքացնի սպեկուլյատիվ միտումները։ Հուլիսի 31-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է հիմնական դրույքաչափը, ինչպես նաեւ դադարել է դոլար գնել, չնայած մինչ այդ ամեն օր գնում էր մոտ 200 միլիոն դոլար։ Այդ ամենը կարող է օգնել փոխարժեքն այսօրվա 63-ից նվազեցնելու մինչեւ 60 ռուբլի մեկ դոլարի դիմաց։ «Այնուամենայնիվ, առաջիկա շաբաթները Ռուսաստանում պետական պարտքի վճարման ամենաբուռն շրջանն են լինելու։ Վճարումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 16 միլիարդ դոլար, դրա համար էլ պետության առաջ կանգնած է դոլարների առկայության հարցը», - նկատել է Խաչատրյանը։
Իսկ դոլարի պահանջարկի մեծացումը նշանակում է ռուբլու փոխարժեքի անկում։ «Հայաստանի համար դա նշանակում է դեպի Ռուսաստան արտահանման խնդիրներ․ որքան ցածր է ռուսական տարադրամի փոխարժեքը, այնքան, դրանով հաշվված, թանկանում են հայկական ապրանքները», - ընդգծել է նա։




























