Նախորդ շաբաթ Երեւանում գրանցվել է ապօրինաշինության եւ հողազավթման 5  դեպք: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Զեկուցվել է նաեւ, որ նախկինում հայտնաբերված 3  դեպքերի մասով իրականացվել են  քանդման աշխատանքներ:

Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել եւ կազմվել է 13 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները եւ խիստ հսկողություն  սահմանել հատկապես ցերեկային  ժամերին ապօրինի առեւտրի դեպքերը բացառելու ուղղությամբ:  Անդրադառնալով չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման եւ երեւույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այս մասով 80 վարչական արձանագրություն է կազմվել: 

Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքում է  2015 թվականի ծրագրով վարչական շրջաններում մեկնարկած շքամուտքերի, ինչպես նաեւ հարթ եւ թեք տանիքների վերանորոգման գործընթացը:  Բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ արդեն իսկ վերանորոգվել են 311 շենքերի 438 մուտքեր: Հարթ տանիքների նորոգման աշխատանքներ են ծավալվել 467  շենքերում`43100 քմ մակերեսով: Թվով 372 շենքերում վերանորոգվել է 21600 քմ մակերեսով  թեք տանիք: Հանձնարարվել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը՝  ներգրավելով նաեւ բնակիչներին:

Բոլոր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով շարունակվում են ասֆալտապատման, փոսանորոգման, ինչպես նաեւ փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները: Պատասխանատուներին հանձնարարվել է աշխատանքների պատշաճ կազմակերպման եւ որակի ապահովման նպատակով տեղերում սահմանել մշտական հսկողություն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, համագործակցելով ՀՀ լեզվի պետական տեսչության հետ, գույքագրել է շենքերի եւ շինությունների վրա տեղակայված օրենքին չհամապատասխանող 241 գովազդային վահանակ եւ պաստառ: Հանձնարարվել է ձեռնարկել քայլեր՝ դրանք սեղմ ժամկետում օրենքի պահանջներին համապատասխանեցնելու եւ թերությունները վերացնելու  ուղղությամբ:

Աշխատանքային  խորհրդակցության ավարտին պատասխանատու բոլոր կառույցներին եւ ստորաբաժանումներին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի պաշտոնական փակման արարողության   պատշաճ անցկացումն ապահովելու ուղղությամբ: