Եվրոպայում արտադրված ավելի քան 4 տոննա պատժամիջոցային ցուցակի մրգերի եւ բանջարեղենի առաջին խմբաքանակը Ղրիմում ոչնչացվել է հողում թաղելու միջոցով։ Այս մասին ասված է «Ռոսսելխոզնադզորի» շրջանային վարչության հայտարարության մեջ։
Բեռը հայտնաբերվել էր Ուկրաինայի հետ սահմանակից Արմյանսկ անցակետում։ «Կանխվել է եվրոպական արտադրանքի վերաարտահանման փորձը։ Արգելված սննդամթերքը՝ քաշով 4 տոննա, թաքցված էր ուկրաինական արտադրության կարտոֆիլի, սոխի եւ կաղամբի պարկերի տակ»,- նշել են գերատեսչությունից, գրում է Gazeta-ն։
Ոչնչացված խմբաքանակում եղել է Բուլղարիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Իսպանիայից եւ Ֆրանսիայից ներկրած արտադրանք։ Պատժամիջոցային ցուցակի արտադրանքը առգրավվել եւ ոչնչացվել է կենցաղային կոշտ թափոնների Արմյանսկի պոլիգոնում։





























