ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Գառնիկ Գ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ապօրինի պահվել է մինչեւ նույն օրվա ժամը 20:00-ն: Բացի այդ, մինչ բերման ենթարկվելը, ոստիկանները վերցրել են իր բջջային հեռախոսը, իսկ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իր մոտ բջջային հեռախոս չի եղել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության են ենթարկվել Գառնիկ Գ.-ի կողմից նշված՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դրվագների բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ քրեական գործով անհապաղ իրականացվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողություններ, կատարվել մի շարք  հարցաքննություններ, կազմակերպվել Գառնիկ Գ.-ի եւ ոստիկանության աշխատակցի հետ առերես  հարցաքննություն:

Կատարված քննության ընթացքում բավարար ապացույցների համակցությամբ չի հիմնավորվել ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, ինչպես նաեւ արդարադատության  կամ պետական ծառայության դեմ ուղղված որեւէ այլ հանցագործություն կատարելու հանգամանքը: Նշված պայմաններում առկա ապացույցները բավարար չեն եղել նաեւ Գառնիկ Գ.-ի կողմից ակնհայտ սուտ մատնություն կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը հաստատված համարելու առումով, ուստի որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը: