Բացառվում է, որ որևէ քաղաքական ուժ կամ ղեկավար գնա ժողովրդի կարծիքի դեմ եւ օրինականացնի միասեռականների ամուսնությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ խոսելով նոր Սահմանադրության նախագծում ընտանիքի ձևակերպման` 34 և 15 կետերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հնչեցրած մտահոգությանը։ Նա նշեց, որ մեր իշխանությունները և հասարակությունը «չեն ընդունում և չեն ընդունելու» այդ երևույթը, և իշխանությունում նստած մարդիկ դա լավ հասկանում են։

 «Անկախ նրանից` դա Վենետիկի հանձնաժողովը կպահանջի, թե չի պահանջի՝ կոնկրետ ես դեմ եմ այդ կետին, և դա մեր ավանդույթներին, մեր ժողովրդին հակացուցված է. ու նույն այդ կարծիքին է իշխանությունում գտնվող մարդկանց հիմնական մասը։ Մենք պիտի ընդունենք եվրոպական այն արժեքները, որոնք մեր մեջ արմատավորելու ռեսուրսներն ունենք»,– ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ նոր Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն` «ամուսնության տարիքի հասած կինը եւ տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտմամբ միմյանց հետ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Իսկ 15-րդ հոդվածը ամրագրում է, որ ընտանիքը՝ «որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ բազմացման հիմք, գտնվում է պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության տակ»։ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությունում գրել էր, որ դրանք չպետք է մեկնաբանվեն իբրև նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք։