Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել այսօր՝ օգոստոսի 11-ին, Տավուշի մարզի Նորաշեն գյուղում որսի ժամանակ հնչած կրակոցների եւ 58-ամյա Արամ Աթոյանի սպանության վերաբերյալ:

Կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տավուշի մարզի բնակիչներ 1971թ. ծնված Ա.Խանաղյանը եւ 1957թ. ծնված Ա.Աթոյանն օգոստոսի 11-ին վաղ առավոտյան «Մնգլտեղեր» կոչվող հանդամաս են գնացել՝ փորսուղ տեսակի կենդանու որս կատարելու համար։

Նախնական վարկածի համաձայն՝ ապօրինի որսի ժամանակ Ա.Խանաղյանն իրեն պատկանող  ԻԺ–58ՄԱ տեսակի երկփողանի 12 տրամաչափի որսորդական հրացանով կրակ է արձակել փորսուղի ուղղությամբ, որն անզգուշությամբ դիպել է սայթաքելու հետեւանքով այդտեղ հայտնված, իր հետ որս կատարող Ա.Աթոյանի նստատեղին, որի հետեւանքով վերջինս ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի որս):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են  ԻԺ–58ՄԱ տեսակի երկփողանի 12 տրամաչափի որսորդական հրացանը, դեպքի պահին Ա.Խանաղյանի եւ Ա.Աթոյանի հագին եղած հագուստները: Ա.Խանաղյանի ձեռքերից եւ դեմքից վերցվել են փորձանմուշներ՝ փորձաքննություն նշանակելու համար:

Ա.Խանաղյանը ձերբակալվել է եւ հարցաքննվել՝ որպես կասկածյալ:

Նախաքննությունը շարունակվում է: