«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի դստեր մահվան պատճառը նախնական տվյալներով եղել է երկկողմանի թոքաբորբը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

Նա նշեց, որ ծննդկանի եւ նորածնի մահվան վերջնական պատճառը հայտնի կլինի միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո:

Հարցին, թե արդյոք տուժող կողմը գոհ է նախաքննական մարմնի գործողություններից, փաստաբանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ դժգոհելու պատճառ չունենք, օպերատիվ եւ օբյեկտիվ աշխատանքներ են իրականացվում: Մեկ շաբաթում հարցաքննվեցին Մերի Մարգարյանի հարազատները, ընկերուհին: Քննչական կոմիտեի հաղորդագրությունից էլ պարզ է դառնում, որ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգն ու վիրաբույժն էլ են հարցաքննվել: Այնպես որ, որեւէ կողմնակալ վերաբերմունք այս պահին չենք նկատել»:

Նշենք, որ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ Մերի Մարգարյանի բժշկական վկայականի կտրոնի` անմիջականորեն մահվան ախտաբանական վիճակը եղել է բազմաօրգանային անբավարարությունը, իսկ ախտաբանական վիճակը, որը բերել է նշված պատճառի առաջացմանը, եղել է երկկողմանի թոքաբորբ, ծանր կոագուլապաթիա, հեպատո-սպլենոմեգալիա ախտորոշումը:

Ի դեպ, «Շենգավիթ» ԲԿ-ից Մերի Մարգարյանի մահվան մի քանի օր անց հայտարարել էին, որ Մերի Մարգարյանի մոտ երկկողմանի թոքաբորբ չէր հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա: