Արարատի մարզպետարանը կամաց-կամաց լուծում է խմելու ջրի խնդիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին վստահեցրին մարզպետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ անդրադառնալով ջրի խնդրի վերաբերյալ բողոքներին:

Նրանց փոխանցմամբ՝ օրերս մարզպետը խորհրդակցության է հրավիրել «Երեւանջուր» ընկերության աշխատակիցներին եւ որոշվել է, որ Երեւանին մոտ մի քանի գյուղերին խմելու ջուր մատակարարելու է «Երեւանջուր»-ը:

«Այս 1-2 գյուղերին էլ խմելու ջուր մատակարարելն արդեն մեծ բան է: Մնացած գյուղերի ջրի խնդիրն էլ լուծում ենք: Բացի դրանից՝ վերջին երկու ամսիներին ջերմաստիճանը չի իջնում, մարդիկ էլ ջուր շատ են օգտագործում: Սրանցով է պայմանավորված, որ ջրի խնդիր կա»,- հայտնեցին մարզպետարանից՝ հավելելով, որ բարեբախտաբար, ոռոգման ջրի խնդիր մարզում լուծվել է:

Նշենք, որ Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ բողոքում են, որ խմելու ջուր օրական մի քանի ժամով են ստանում: Կան գյուղեր, որտեղ մի քանի օր շարունակ ջուր չի մատակարարվում: