«Սեվեր» գումարտակի նախկին մարտիկ Զաուր Դադաեւը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ «պատվիրատուն» իրեն 500 հազար ռուբլու չափով կանխավճար է վճարել Բորիս Նեմցովի սպանության համար: Այս մասին գրում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Ռուսաստանի Քննչական կոմիտեում կասկածում են, որ Դադաեւի ձերբակալության ժամանակ հայտնաբերված 100 հազար ռուբլին այդ գումարի մի մասն է եղել:

Հաղորդագրությունում ասվում է, որ Դադաեւի ցուցմունքները տեսանկարահանվել են: Նա պատմել է, որ Ռուսիկը Նեմցովի սպանության համար իրեն 15 մլն ռուբլի է խոստացել՝ յուրաքանչյուր կատարողին 5 մլն ռուբլի:

Նա նաեւ նկարագրել է, թե ինչպես են զարգացել իրադարձությունները դեպքի վայրում: Դրանից բառացիորեն մի քանի օր անց Դադաեւը հրաժարվել է համագործակցել քննության հետ:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովն սպանվել է փետրվարի 28-ի երեկոյան Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա: