Միլիարդատեր Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում Մեքսիկայի կառավարությանը ստիպել, որ պատ կառուցի սահմանին` անօրինական ներգաղթյալներից պաշտպանության համար: Իսկ մինչ այդ, ամերիկյան իշխանությունները պիտի իրենց հարավային հարեւաններից մեծ գումար վերցնեն վիզա տրամադրելու եւ սահմանն անցնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեպի ԱՄՆ անօրինական ներգաղթի խնդիրը «Մեքսիկայի կառավարությունն է ստեղծել, ինքն էլ պիտի լուծի դա», - կարծում է ԱՄՆ-ի նախագահի նախընտրական մրցարշավում հանրապետական թեկնածուների առաջատար Թրամփը: Մի քանի ամիս առաջ նա իր նախընտրական արշավը սկսեց` հայտարարելով, որ Մեքսիկան հիմնականում հանցագործների, բռնության հակում ունեցողների եւ թմրանյութի առեւտրականների է արտահանում Միացյալ Նահանգներ:
Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելուց բացի, Թրամփի նախաձեռնությունը նախատեսում է ըստ ծննդյան վայրի ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու իրավունքի վերացում, ժամկետանց վիզաների համար տուգանքների մեծացում, անօրինական ներգաղթյալներին վարկեր եւ հարկային զեղչերի տրամադրելու արգելք, ինչպես նաեւ անմիջապես վտարում երկրից:





























